
Նկարում պատկերված է այն ժամանակը, երբ Ստամբուլի բնակչության թիվը դեռ չէր հասնում երկու միլիոնի (ենթադրաբար 1965 թվական): Ցուցատախտակին նշված է բնակչության թիվը՝ 1.790.000 մարդ: Այդ օրերից Թուրքիայում ուրբանիզացիայի մակարդակը ահռելի աճ է գրանցել և այսօր Ստամբուլի բնակչությունը կազմում է շուրջ 15 միլիոն:
Ուրբանիզացիայի բարձր տեմպերը՝ իրենից բխող բոլոր հետևանքներով, այսօր էլ կազմում են Թուրքիայի կառավարման օրակարգի կարևորագույն հարցերից մեկը: Ուստի այն նաև մշտապես ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է: Վերջին տարիների թյուրքագիտական/օսմանագիտական գիտաժողովներից ու աշխատանքներից շատերը մեծ տեղ են առանձնացրել այս հիմնահարցին:
Առաջարկում եմ ընթերցել հայտնի թուրքագետ, մարդաբան, Բոսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջեննի Ուայթի (Jenny B. White) հեղինակած գլուխը «Turkey’s Engagement with Modernity: Conflict and Change in the Twentieth Century» գրքից (խմբ.՝ Celia J. Kerslake, Kerem Öktem and Philip Robins): «Tin Town to Fanatics: Turkey’s Rural to Urban Migration from 1923 to the Present» վերնագրված գլուխը ներկայացնում է Թուրքիայում ուրբանիզացիայի համառոտ պատմությունը, պատճառերը, ուրբանիզացիան ուժեղացնող միֆերը, ինչպես նաև քաղաք տեղափոխված բնակչության ինքնությունը:
Գիրքը կարելի է ներբեռնել այստեղից: Իսկ վերոնշյալ գլուխը տե՛ս էջ 448:
<>: Այս պնդման հետ կապված առարկություն չկա, սակայն նման հարց է ծագում. արդյո՞ք թուրքագիտությունը ունի այն տեսական մեթոդական և հասկացական (հարուստ) ապարատը, որը նրան հնարավորություն կտա զուտ նկարագրական մակարդակից դուրս լուրջ հետազոտություն կատարել ուրբանագիտության ոլորտում, մի ոլորտ՝ որը նման հետազոտությունների համար զարգացած տեսական, մեթոդական և հասկացական ապարատը ունի:
//արդյո՞ք թուրքագիտությունը ունի այն տեսական մեթոդական և հասկացական (հարուստ) ապարատը,// Ըստ էության, թյուրքագիտությունը (և ընդհանրապես արևելագիտությունը), լինելով պատմագիտական դիսցիպլին, անցում է կատարել նոր «աշխատաոճի»՝ միջգիտաճյուղայնության (Interdisciplinary studies), որը ենթադրում է այլ գիտաճյուղերի մեթոդաբանության ու գիտական արդյունքների օգտագործում թյուրքագիտական հետազոտություններում: Պատահական չէ, որ վերջերս «Turkish Studies from an Interdisciplinary Perspective» վերնագրով հանդիպումները, սեմինարներն ու խորհրդաժողովները դարձել են հաճախակի:
Զերծ կմնամ ուրբանիզմի մասին գնահատական տալուց, սակայն օրինակ սոցիալ-մշակութային մարդաբանության տեսանկյունից թյուրքագիտությունը փայլուն արդյունքների է հասել: Որպես լավագույն նմուշ կարելի է նշել Հ. Ինալջըքի հեղինակա Օսմանյան կայսրության սոցիալական պատմությունը, Ալև Չընարի վերջին մի քանի հոդվածներն ու գրքերը, և այլն:
Որպես միջգիտաճյուղայնության արդիականության լավ օրինակ կարելի է նշել նաև Routledge-ում The Global Research in International Affairs Center-ի կողմից հրատարակվող Turkish Studies ամսագրի վերջին համարը, որն ամբողջությամբ նվիրված է այս թեմային՝ Turkish Studies from an Interdisciplinary Perspective (տե՛ս՝ http://www.tandfonline.com/toc/ftur20/15/4#.VKFXZv8cw):