ԹՈՒՐՔԻԱՅՈւՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԵՂԱՇՐՋՈՒՄԸ

Վարուժան Գեղամյանի սյունակը Tert.am-ում։ Աղբյուրը՝ http://www.tert.am/am/author/142/2082396

Առաջին բանը, որի մասին սկսեցին խոսել Թուրքիայով զբաղվող մասնագետները հուլիս 16-ի առավոտյան այն էր, որ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ հերթական զինվորական հեղաշրջումը չհաջողվեց։ Իրականում, սակայն, հեղաշրջումը կայացավ։ Բայց այդ հեղաշրջման արդյունքում ոչ թե զինվորականները զավթեցին իշխանությունը, ինչպես դա արել էին սրանից առաջ չորս անգամ՝ վերջին կեսդարվա ընթացքում, այլ վերջնականապես հեղաշրջվեցին թուրքական իրականության հետ կապված մի քանի կարևոր եղելություններ ու մեր պատկերացումները դրանց մասին։


Խարիզմատիկ առաջնորդի հավատարիմ մարդիկ
Հեղաշրջման անհաջողության գլխավոր պատճառներից մեկը Էրդողանին սատարող ժողովրդական հսկայական զանգվածների արագ մոբիլիզացիան էր։ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը տարբերվում է իր բոլոր նախորդներից իր մեծ ժողովրդականությամբ։ 1938թ. այս կողմ, երբ մահացավ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, այդ երկրի ոչ մի առաջնորդ (լինի վարչապետ կամ նախագահ) չի վայելել այն չափերի ժողովրդականություն, որքան Էրդողանը։ Այս գործոնը նկատելի էր նաև նախկինում և է՛լ ավելի ակնհայտ դարձավ հուլիսի 16-ի գիշեր, երբ Էրդողանի բազմահազար կողմնակիցներ դուրս եկան փողոցներ և շրջապատեցին հեղաշրջմանը մասնակցող զինվորականներին։ Եվ հենց այս գործոնը հաշվի չէին առել հեղաշրջումը կազմակերպողները՝ փաստի առաջ կանգնելով ժողովրդական մեծ արձագանքից։ Զանգվածային քաղաքականության մեր դարում, երբ պոպուլիստական աջակողմյան ուժերը բոլոր երկրներում են հաջողություններ գրանցում (օրինակ՝ Դ. Թրամփի ֆենոմենը ԱՄՆ֊ում, Մ. ԼԷ Պենի կուսակցության հաջողությունները Ֆրանսիայում), զանգվածային ժողովրդական աջակցությունը հաշվի չառնելը անհեռատեսություն է։
Էրդողանը կարողացավ գրագետ օգտագործել իրեն հավատարիմ ուժերի ողջ պոտենցիալը՝ դեպքերի զարգացման առաջին ժամերից քաղաքացիներին կոչ անելով գրավել հանրային տարածքները (օդանավակայան, կամուրջներ, հրապարակներ, փողոցներ) և չթողնել զինվորականներին երկրում հաստատել իրենց իշխանությունը։ Հեղափոխությունների հարուստ փորձ ունեցող Թուրքիայում սա առաջին դեպքն էր, երբ քաղաքացիները հեղաշրջման գործընթացում հանդիսացան հեղաշրջման սուբյեկտ, ոչ թե օբյեկտ։ Եվ սա ներկա թուրքական քաղաքական կյանքի գլխավոր փոփոխություններից է։

Քաղաքական վերնախավի միասնականությունը
Զինվորականների անհաջողության մյուս գլխավոր պատճառը Զինված Ուժերի ոչ միասնականությունն էր։ Ակնհայտ էր, որ հեղաշրջումը նախաձեռնողները չէին կարողացել ստանալ ողջ զինվորական բարձրագույն ղեկավարության աջակցությունը, ինչը հանգեցրեց ավելի թույլ կազմակերպչական գործողությունների ու զինվորականների արագ ճնշման։
Միևնույն ժամանակ ակնհայտ դարձավ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Էրդողանի և իր կուսակիցների հետևողական կադրային քաղաքականությունը մասամբ հաջողված էր։ Ճգնաժամային իրավիճակում ԶՈւ շատ սպաներ հավատարմություն հայտնեցին իշխանություններին։ Էլ ավելի ակնհայտ էր ոստիկանության ուժերում Էրդողանին հավատարիմ մարդկանց տեղավորումը։ Ոստիկանության ուժերը դարձան գլխավոր գործող անձինք՝ ապստամբած զինվորականներին ճնշելու համար։ Եվ սա այն պարագայում, երբ դեռ մի քանի տարի առաջ ոստիկանությունը համարվում էր Ֆ. Գյուլենի (սրա մասին ստորև) «իմամական բանակը»։[1]
Պակաս կարևոր չէր նաև այն հանգամանքը, որ թուրքական քաղաքական վերնախավի բոլոր մասերը՝ այդ թվում ընդդիմությունը, միանգամից սատար կանգնեցին իշխանությանը և մերժեցին հեղաշրջման միջոցով իշխանափոխության հասնելու ճանապարհը։ Զինվորականների կողմից գործողությունների սկսվելու առաջին իսկ րոպեներից քաղաքական դաշտի բոլոր ազդեցիկ ներկայացուցիչները աջակցություն հայտնեցին երկրի նախագահին և ընտրված իշխանություններին։ Դրանց թվում էին նախկին նախագահ Ա. Գյուլը, նախկին վարչապետ Ա. Դավութօղլուն, ազգայնականների առաջնորդ Դ. Բահչելին և ուրիշներ։ Սա ևս վկայում է Էրդողանի կողմից քաղաքական դաշտի հիմնական մասի վրա ուժեղ և երկարամյա վերահսկողության մասին։ Այստեղ տեղին է հիշել 1960թ. հեղաշրջումից մի դրվագ. երբ ապստամբած զինվորականները եկան ձերբակալելու նախագահ Ջ. Բայարին և վարչապետ Ա. Մենդերեսին, վերջիններիս չպաշտպանեցին նույնիսկ իրենց թիկնապահները[2]։ Այսօրվա Թուրքիայում գործ ունենք Էրդողանին հավատարիմ մի մեծ ու ազդեցիկ թիմի հետ, որը ունի հզոր դիմադրողական ուժ։

Մոբիլիզացիոն հռետորաբանությունը
Հեղաշրջման ժամանակ իշխող վերնախավը զանգվածներին մոբիլիզացնելու համար օգտագործեց երկու հիմնական կարգախոս։
Դրանցից առաջինը պայմանական կոչենք «ժողովրդավարական»։ Իշխանությունները կոչ էին անում դուրս գալ փողոցներ և «տե՛ր կանգնել ժողովրդավարությանը՝ սատարելով ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին»։ Այս հռետորաբանությունը արդյունավետ էր ներքին լսարանի համար։ Բացի Էրդողանի աջակիցներից, Թուրքիայում բավական մեծ թիվ կազմող ձախակողմյան ուժերը, ինչպես նաև լիբերալ զանգվածները նույնպես կիսում էին ժողովրդավարական կոչերը՝ պնդելով, որ «ավելի լավ է վատ, բայց ընտրված իշխանություն, քան այդ իշխանությունը բռնի տապալած, բայց լավ զինվորականություն»։ Հատկանշական է, որ այս կարգախոսը հասկանալի ուղերձ էր նաև արտաքին աշխարհին և յուրատեսակ ուղղորդում՝ սատարելու հակամարտող ճամբարներից իշխանականին։
Զինվորականների բարձրացած ապստամբությունը ճնշելուց հետո Ստամբուլի մայրուղիների թվային տախտակներին հետևյալ գրություններ էին՝ «Ժողովրդավարությունը հաղթեց», «Շնորհակալություն Թուրքիա»։ Նույն կարգախոսները կային նաև երեկոյան փողոցային հանրահավաքների ժամանակ։


Երկրորդ գործոնը իսլամականն էր։ Եթե հետևենք հեղաշրջման փորձից հետո Թուրքիայից ստացվող լուսանկարներին և տեսաձայնագրություններին, ապա դրանցում աչքի կզարնեն իսլամական խորհրդանիշները, իսլամական կոչերը և կրոնական հագուստով ու արտաքինով մարդկանց բազմությունը։ Հեղաշրջումը տապալելու համար փողոց դուրս եկած մարդկանց մի զգալի մասը հրապարակ էր եկել կրոնական կարգախոսներով։ Էրդողանը և իր Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) իսլամական կողմնորոշում ունի։ Սեփական մուսուլմանական գերակա ինքնություն ունեցող մեծաթիվ հետևորդներին մոբիլիզացնելու համար իշխանությունները գնացին շատ ազդեցիկ մի քայլի. խախտելով գիշերային աղոթքի ժամը՝ Ստամբուլի, Անկարայի և այլ մեծ ու փոքր բնակավայրերի հազարավոր մզկիթների մինարեթներից իմամները սկսեցին աղոթքը, որին անմիջապես հետևեցին կոչեր դեպի հավատացյալները՝ դուրս գալ փողոց և տեր կանգնել սեփական երկրին, ժողովրդավարությանը։ Հետաքրքրական է, որ իմամների կոչերում նույնպես հղում էր արվում ժողովրդավարությանը՝ որպես գերակա նպատակ։ Սա թուրքական իսլամի տրանսֆորմացիայի ևս մեկ նշանն է։ Միևնույն ժամանակ, որոշ մզկիթներից հնչեցին ավելի ծայրահեղ կոչեր՝ «դուրս գալ ջիհադի (սրբազան պատերազմ անհավատների դեմ – Վ.Գ.) հանուն Ալլահի, չմնալ տներում»։ Ակնհայտ է, որ այս հնարքը շատ արդյունավետ գտնվեց իշխանությունների համար։ Սա ևս կարևոր նորություն է թուրքական քաղաքական կյանքի համար. առաջին անգամ բացահայտ ու անպատիժ կրոնը օգտագործվեց քաղաքական նպատակներով։[3] Սա նշանակում է, որ վերջնականապես փոխվեց քեմալական Թուրքիայի ևս մեկ գլխավոր սկզբունք. կրոնի բացակայությունը քաղաքական դաշտից այլևս մնում է որպես պատմական իրողություն, բայց ոչ իրականություն։

Ռոմանտիկ քեմալիստները
Հիմա անդրադառնանք հեղափոխության կազմակերպիչների մարտավարությանն ու հռետորաբանությանը։ Միանգամից մի կողմ թողնենք անհիմն պնդումներն այն մասին, որ տեղի ունեցածը իրական հեղաշրջում չէր, այլ միայն բեմականացում իշխանությունների կողմից՝ սեփական իշխանությունն ամրապնդելու համար։ Այս պնդումը միանգամայն անհիմն է և անտրամաբանական, որովհետև նույնիսկ Էրդողանի նման անկանխատեսելի քաղաքական գործչի համար անհավանական կլիներ այսպիսի արկածախնդրության գնալը, քանի որ վտանգը, որ իրավիճակը ցանկացած պահի կարող էր դուրս գալ վերահսկողությունից և ընթանար բոլորովին այլ սցենարով, ակնհայտ էր։ Մի կողմ դնենք նաև այն տեսակետը, թե սրա հետևում կանգնած էր Ֆ. Գյուլենը։ Արդեն զառամյալ և հիվանդ թուրք նախկին հոգևորականը ոչ մի ազդեցություն չի ունեցել և չունի Թուրքիայի ԶՈւ վրա և անտրամաբանական է կարծել, թե արդեն ավելի թույլ ցանց ու ազդեցություն ունեցող գործիչը կարող էր հեռվից հեռու նախապատրաստեր այսպիսի մեծ գործողություն։ Մեկ այլ հարց է, որ արդեն հիմնական վտանգը չեզոքացնելուց հետո իշխանությունները որոշ քայլերով փորձում են առավելագույնը քաղել իրադարձությունից և ստանալ նոր քաղաքական դիվիդենտներ, այդ պատճառով որոշ քայլեր ավելի շատ պոպուլիստական և խաղարկային կարող են լինել։
Հեղաշրջումը կազմակերպել էին Թուրքիայի ԶՈւ միջին և միջինից բարձր սպայական կազմը։ Դատելով նրանց տարածած հայտարարության տեքստից, կարելի է փաստել, որ վերջիններս դասական քեմալիստներ էին։ Իրենց գործողություններում նրանք առաջնորդվում էին ոչ միայն նախկին հեղաշրջումներին բնորոշ գաղափարախոսությամբ (այն է՝ վերականգնել Աթաթյուրքի հաստատած սկզբունքները), այլև մարտավարությամբ, ինչը ճակատագրական եղավ ապստամբների համար։ Անսպասելի մեծ աջակցությունը Էրդողանին փողոցներում, տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների օգտագործումը ինֆորմացիայի փոխանակման համար, ինչպես նաև անմիաբանությունը ԶՈւ շարքերում հեղաշրջման անհաջողության հիմնական պատճառներն էին։
Նախկին հեղաշրջումների նոստալգիայով տոգորված «ռոմանտիկ» զինվորականները չէին մոռացել նաև իրենց գործողությունների խորհրդանշական կողմի մասին։ Օրինակ TRT հեռուստաընկերության գրավումը պրակտիկ ոչ մի խնդիր, ըստ էության, չէր լուծում, երբ կային ավելի վարկանիշային շատ այլ հեռուստաալիքներ և տեղեկատվական աղբյուրներ։ Պատահական չէր, ըստ իս, նաև հեղաշրջման համար ընտրված օրը։ Սրանից ուղիղ 190 տարի առաջ՝ 1826թ. հուլիս 15-ին նախկին ենիչերական զորքերը ցրվեցին և նրանց փոխարեն ստեղծվեց նոր բանակը՝ Asakir-i Mansure-i Muhammediyye (Մուհամեդի հաղթանակած բանակներ)՝ օսմանյան Մահմուդ II սուլթանի գլխավորությամբ։ Սա Օսմանյան կայսրության նոր զինվորականությունն էր, որից հետո պետք է ծնվեին ապագա երիտթուրքերն ու քեմալիստները։
Հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ քեմալիզմի և աշխարհիկության ապավեն զինվորականությունը միասնական չէ, իսկ հաջողության հասնելու համար իրենց օգտագործած մոտեցումները մնացել են 20-րդ դարում։
Խորհրդանշական փոփոխություն տեղի ունեցավ նաև զինվորի կերպարի ընկալման մեջ։ Թուրք զինվորը՝ մեհմեթչիկը (ինչպես փաղաքշական նրան կոչում են թուրքերենում), որ թուրքական հասարակության համար հարգանքի արժանի հզոր կերպար ուներ և որի ակունքները բխում են առաջին հերթին Աթաթյուրքի անձից, այսօր սկսեց կորցնել իր կարգավիճակը։ Դրա փոխարեն թուրքական նոր «հերոս» է դառնում ոստիկանը։


Ստամբուլի փողոցներում ժողովուրդը տոնում է «հաղթանակը» և լուսանկարվում օրվա հերոսների՝ ոստիկանների հետ ։ Լուսանկարը՝ Գևորգ Պետրոսյանի։

«Ամենաերկար գիշերից» հետոյի առավոտը
Հուլիսի 15-16-ի գիշերը անմիջապես կնքեցին որպես Թուրքիայի պատմության ամենաերկար գիշեր։ Բացվող առավոտը բերեց լրիվ նոր իրականություն, որը հեղաշրջելու է Թուրքիայի Հանրապետական պատմության ընթացքը։ Ինչպես փորձեցի ցույց տալ վերևում, երևակվեց թուրքական ներքին քաղաքական նոր դաշտը՝ իր մշտական և ժամանակավոր գործոններով։
Միանգամայն պարզ է, որ բացարձակ միանձնյա իշխանության ձգտող Ռ. Թ. Էրդողանը ժողովրդավարության հաղթանակը վերագրելու է իրեն, իսկ նրա հեղինակությունն ու վարկանիշը էլ ավելի կաճեն՝ նրա շուրջ ստեղծելով մերօրյա հերոսի կերպար։ Սա կհեշտացնի նաև պետական կառավարման նախագահական համակարգին անցնելու համար հանրաքվեի անցկացումն ու դրա դրական արդյունքի ապահովումը։
Հեղաշրջման հետևանքները վերացնելու և նոր հեղաշրջումները կանխելու քողի տակ Էրդողանը և իր թիմակիցները առիթը բաց չեն թողնի մի հարվածով ազատվելու քաղաքական և հասարակական դաշտի բոլոր անցանկալի տարրերից։ Օրինակ, հեղաշրջմանը սատարելու մեղադրանքով սկսվել են ձերբակալությունները սահմանադրական դատարանում։ Իսկ վերջինս Էրդողանին ընդդիմացող երկու գլխավոր կառույցներից է(ր) Թուրքիայում։ ԶՈւ ներկայացուցիչների հետ հաշվեհարդարն էլ, ինչպես տեսնում ենք, արդեն լայնամասշտաբ բնույթ է կրում (այս պահին ձերբակալվել են ավելի քան 2000 զինվորականներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ)։ Օգոստոսին նախատեսված էր բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի ժամանակ Էրդողանը նպատակադրվել էր զինվորական ղեկավար կազմից հեռացնել իրեն անցանկալի սպաներին, բայց դեպքերը ավելի արագ զարգացան և դրված խնդիրը այժմ շատ ավելի հեշտ լուծելի է։
Այս ամենը էլ ավելի կսաստկացնի թուրքական հասարակության բևեռացումը։ Անցնող երկու օրերին Էրդողանի կողմնակիցների կողմից հնչող ծայրահեղական կոչերը, որոնցով պահանջում էին մահապատժի ենթարկել հեղաշրջումը նախաձեռնած սպաներին[4], լինչի դատաստանի փորձերը զինաթափված զինվորների հանդեպ (տե՛ս լուսանկարը), «դավաճան» լրագրողների, մտավորականների ցուցակների կազմումն ու հրապարակումը, ինչպես նաև թուրքական տարբեր բնակավայրերում քրդամետ HDP կուսակցության գրասենյակների, ալևի փոքրամասնության ներկայացուցիչների վրա ագրեսիվ տրամադրված ամբոխների հարձակումները այս բևեռացման վառ արտահայտություններ են։ Այս բևեռացումը կմեծանա առաջիկայում սպասվող իշխանությունների պոպուլիստական հռետորաբանության և զանգվածային մաքրումների, բռնաճնշումների և ձերբակալությունների ֆոնին։


Բաց հարցեր
Հեղաշրջման ժամանակ տեղի ունեցած դեպքերի ու հետևանքների համապարփակ վերլուծության համար մեզ պակասում են շատ մանրամասներ, իսկ շատ հարցերի պատասխաններ դեռ չկան (օրինակ՝ ինչո՞ւ ու ինչպե՞ս Էրդողանը եկավ գրավված օդանավակայան, ինչո՞ւ էին այդքան թույլ պատրաստվել զինվորականները, և այլն)։ Սակայն մի բան պարզ է. սկսվեց Թուրքիայի հանրապետության պատմության նոր փուլը՝ նոր եղելություններով, որոնք պետք է հաշվի առնել մեր հարևանի հետ ցանկացած հարաբերություններում։
Ակնհայտ է նաև, որ այս իրադարձությունների պատճառը իշխող կուսակցությունն էր՝ Էրդողանի գլխավորությամբ։ Երբ 2015թ. հունիսին ժողովրդավարական ընտրություններում ԱԶԿ չկարողացավ հասնել իր համար ցանկալի արդյունքին, Էրդողանը նախաձեռնեց մի քանի գործընթացներ, որոնք պետք է օգնեին նոր արտահերթ ընտրություններում ձեռք բերել անհրաժեշտ ձայները։ Սա նշանակում էր, որ իշխանությունը չի հարգում քաղաքացու որոշումը և ամեն ինչ անում է անհրաժեշտ քաղաքական նպատակին հասնելու համար։ Սա էլ իր հերթին նախադեպ դարձավ քաղաքական դաշտի բոլոր խաղացողների համար՝ ոչ ժողովրդավարական ճանապարհով միջամտելու քաղաքականությանը։ Զինվորականները նույնպես օգտվեցին այս իրավիճակից։ Արդյունքում, ամենից շատ շահեց Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը։ Ուստի պատահական չէ թուրք սյունակագիրներից մեկի հետևյալ բնորոշումը. «Թուրքիան պարտվեց, բայց Էրդողանը հաղթեց»։

[1] Այսպես էր բնորոշվում ոստիկանական ուժերում գյուլենական ցանցի  հիմնադրումը լրագրող Ա. Շըքը իր հայտնի «Իմամի բանակը» (Imamin orudusu) գրքում։
[2] Շնորհակալություն Ռուբեն Մելքոնյանին այս դրվագը հիշեցնելու համար։
[3] Հետաքրքրական է, որ 1997թ. հենց կրոնական հռետորաբանության համար Էրդողանը դատապարտվեց ազատազրկման։
[4] Twitter սոցիալական ցանցում այդ պահանջները երևում են #idamistiyoruz հաշթագով։

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s