Ինտերակտիվ քարտեզ | Ազգայնամոլականության դրսևորումներ քրդերի դեմ

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կայացած զինվորական հեղաշրջման անհաջող փորձից հետո, ինչպես որ կանխատեսելի էր, սկսվեց Թուրքիայի հասարակության աստիճանական բևեռացումը։ Հեղաշրջման փորձին հաջորդած արդեն առաջին երկու օրերին Էրդողանի և նրա աջակիցների կողմից հնչող ծայրահեղական կոչերը, որոնցով պահանջում էին մահապատժի ենթարկել հեղաշրջումը նախաձեռնած սպաներին, լինչի դատաստանի փորձերը զինաթափված զինվորների հանդեպ, «դավաճան» լրագրողների, մտավորականների ցուցակների կազմումն ու հրապարակումը, ինչպես նաև թուրքական տարբեր բնակավայրերում քրդամետ HDP կուսակցության գրասենյակների, ալևի փոքրամասնության ներկայացուցիչների վրա ագրեսիվ տրամադրված ամբոխների հարձակումները այս բևեռացման վառ արտահայտություններ էին։

Անցնող հինգ ամիսների ընթացքում բևեռացումը, որը կրում է ազգայնամոլական և իսլամիստական երագներ, մեծանում է իշխանությունների պոպուլիստական հռետորաբանության և զանգվածային մաքրումների, բռնաճնշումների և ձերբակալությունների ֆոնին։ Իրավիճակն էլ ավելի է լարվում, քանի որ առջևում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն է, որի արդյունքում Թուրքիան պետք է անցում կատարի նախագահական համակարգին (սրա շնորհիվ Էրդողանը հնարավորություն է ստանում մինչև 2029 թվականը մնալ իշխանության միանձնյա ղեկավար. ավելի շատ, քան նույնիսկ Մ. Աթաթյուրքը)։ Միևնույն ժամանակ, չեն դադարում քրդական զինյալների կողմից թուրքական բնակավայրերում թուրք զինվորականների և ոստիկանների դեմ ուղղված ահաբեկչական հարձակումները, որոնք ուղեկցվում են մեծաքանակ զոհերով։ Միայն այս տարվա ընթացքում Ստամբուլում տեղի է ունեցել ռումբի պայթյունով յոթ ահաբեկչություն (տե՛ս քարտեզը)։

15442275_10210612742505023_8182180663326471525_n
Պայթյունները Ստամբուլում 2016թ.

Իշխանությունները, տնտեսական ցածր ցուցանիշների և շարունակվող բռնապետական գործողությունների ֆոնին, փորձում են օգտագործել իրավիճակը՝ պահելու և մեծացնելու իրենց ընտրազանգվածը։ Երկրում կատարվող բոլոր արհավիրքների մեղավոր են համարվում ներքին ու արտաքին թշնամիները։ Որպես ներքին թշնամի առաջին հերթին դիտարկվում են քրդերը, ուստի պատահական չէ, որ քրդամետ HDP կուսակցությունը ճնշումների է ենթարկվում (կուսակցության շուրջ 10 պատգամավորներ այս պահին ձերբակալված են՝ ահաբեկչությանը սատարելու մեղադրանքով)։

Դեկտեմբերի 14-ին նախագահ Ռ. Թ. Էրդողանը իր ելույթի ժամանակ «բոլոր ահաբեկչական կազմակերպությունների դեմ ազգային մոբիլիզացիա (Milli Seferberlik)» հայտարարեց։ Սա պոպուլիստական հայտարարություն էր, անշուշտ, սակայն դրան, առաջին իսկ առիթի ժամանակ, հետևեցին  քրդերի դեմ ժողովրդական հարձակումներ և անպատժության մթնոլորտի ստեղծում։

Այսպես, դեկտեմբերի 16-ին Կայսերիի (Կեսարիա) Էրջիյես համալսարանի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո (դրա հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է 13 մարդ, 55 հոգի վիրավոր է) հետևեցին զանգվածային ցույցեր և հարձակումներ, որոնց թիրախում հայտնվեցին քրդամետ կուսակցության գրասենյակները։ Շարունակվող ազգայնամոլական և իսլամիստական քարոզչության և հռետորաբանության պարագայում քրդերի դեմ բռնաճնշումները գնալով շատանալու են։

Քարտեզը պարբերաբար թարմացվում է։

Ստորև բերված քարտեզի վրա հավաքել եմ 2016 թվականի դեկտեմբերից Թուրքիայում քրդերի և մասնավորապես քրդամետ HDP կուսակցության դեմ իրականացվող գործողությունները՝ նկարներով և տեսանյութերով։ Կարմիր կետերը ցույց են տալիս իրադարձության վայրը (սեղմեք կետի վրա՝ մանրամասները տեսնելու համար)։ Դեկտեմբերի 19-ի դրությամբ հարձակման են ենթարկվել HDP 14 նահանգային, 5 քաղաքային գրասենյակ՝ ամբողջությամբ ավերվելով կամ հրկիզվելով։ Որոշ տեղեկություններ կան, որ ոստիկանությունը ոչ մի կերպ չի խոչընդոտում ազգայնամոլական խմբերի գործողություններին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s