CivilNet.am | Թուրքիայում սկսված քայլարշավը քարոզչական քայլ է և Էրդողանի դեմ միասնական ճամբար կազմելու հնարավորություն

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ, CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն նախաձեռնել է «Արդարության քայլարշավ», որը մեկնարկել է հունիսի 15-ին Անկարայից և ավարտվելու է հուլիսի 9-ին Ստամբուլում։ Քայլարշավը սկսվել է այն բանից հետո, երբ ԺՀԿ-ի ադամ Էնիս Բերբերօղլուն դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ «լրտեսության» մեղադրանքով։ Կուսակցությունը հայտարարում է, որ պայքարում է երկրում անարդարության դեմ, որը հասել է «աներևակայելի աստիճանի»։ Քայլարշավին միանալու մասին է հայտարարել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ, HDP), որի ազատազրկված համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն իր ուղերձում նշել է՝ քայլարշավը պետք է «միավորի բոլոր ընդդիմադիր խմբերին»։ «Արդարության քայլարշավի» քաղաքական նշանակության, հնարավոր հետևանքների շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։ Վերջինս վստահ է՝ քայլարշավը պետք է առաջին հերթին դիտարկել «ոչ թե որպես մեկ կուսակցության վարած պայքար անօրինությունների դեմ կամ արդարության համար, այլ գլխավորապես որպես քաղաքական քարոզչական կարևորագույն նախաձեռնություն»։ Ինչ վերաբերում է կուսակցության գաղափարական հենքին, ապա, Գեղամյանի կարծիքով, «տեղաշարժ չկա․ առկա է կուսակցության քաղաքականության մարտավարական փոփոխություն»։– Արդյոք գլխավոր ըննդիմության այս քայլը կարելի՞ է համարել կարևոր քաղաքական երևույթ, որը կարող է փոխել կուսակցության գաղափարական հենքը և ընդլայնել այն՝ ավանդական «25 տոկոսի կուսակցության» շրջանակներից դուրս։

– «Արդարության արշավը» կարևոր նախաձեռնություն է մի քանի առումներով։ Առաջին հերթին, այն իր բնույթով շատերի համար բավական գրավիչ, քարոզչության տեսանկյունից երկարատև ու ազդեցիկ, ինչպես նաև խորհրդանշական առումով շատ հարուստ քաղաքական քայլ է։

Նախ և առաջ նշենք, որ քայլերթը պետք է առաջին հերթին դիտարկել ոչ թե որպես մեկ կուսակցության վարած պայքար անօրինությունների դեմ կամ արդարության համար, այլ գլխավորապես որպես քաղաքական քարոզչական կարևորագույն նախաձեռնություն, չէ՞ որ այն իշխանական անարդարություններն ու բռնությունները, որոնց դեմ պայքարը Ժողովրդահանրապետական կուսակցությունը հռչակել է որպես քայլերթի նպատակ, արդեն շուրջ երեք տարի է՝ տեղի են ունենում Թուրքիայում։ Մինչդեռ քայլերթը նախաձեռնվեց հենց հիմա՝ ապրիլյան հանրաքվեից հետո [ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացվել է սահմանադրական հանրաքվե, որի արդյունքում ընդլայնվել են նախագահի լիազորությունները – ՍիվիլՆեթ]։ Սա պայմանավորված է հետևյալ հանգամանքով. ընդդիմության ներկայացուցիչները հանրաքվեի ժամանակ թեև փաստացի՝ պարտություն գրանցեցին, սակայն ստացած գրեթե 50 տոկոս ձայները ոգևորության ալիք ու հույս առաջացրին ընդդիմադիր ճամբարում, քանի որ ձայների այդ ահռելի քանակը հնարավորություն է տալիս պայքարել 2019թ. նախագահական ընտրություններում [հնարավոր են վաղաժամ ընտրություններ 2018թ.։ Նմանատիպ դեպքեր եղել են Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում] հաղթանակի համար։ Ուստի քայլերթը կարելի է համարել թուրքական ընդդիմության նախընտրական քարոզարշավի մեկնարկը՝ նախաձեռնված գլխավոր ընդդիմադիր ուժի կողմից ճիշտ ժամանակին։ Սա քաղաքական նշանակության մասին։

Բայց ինչպես արդեն նշեցի, «Արդարության արշավը» իր ձևաչափով նույնպես պատահական չէ ընտրված։ Արդեն քսան օր է՝ քայլերթն անցնում է Անկարայի և Ստամբուլի միջև ընկած բնակավայրերով։ Այն ոչ միայն գրավում է տեղացիներին, այլև մանրամասն և ամեն օր լուսաբանվում է մամուլում (այդ թվում և՝ իշխանական) և սոցիալական ցանցերում՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով հետևողներին ենթագիտակցորեն քայլերթի մասնակից դառնալ, զգալ իրենց այդ նախաձեռնության անդամներից մեկը։

Սա ունի մոբիլիզացիոն կարևոր նշանակություն այսօրվա թուրքական բևեռացված հասարակության պայմաններում։ Բացի այդ, պատահական չէ ընտրված նաև քայլերթի ուղին. այն սկսվում է մայրաքաղաք Անկարայից և ավարտվելու է Ստամբուլում, որն ընկած է երկրի ծայր արևմուտքում։ Հայտնի է, որ ԺՀԿ սատարող ընտրազանգվածը բնակվում է գերազանցապես երկրի արևմտյան ծովափնյա հատվածում, ինչը նշանակում է, որ որքան քայլերթը մոտենա դեպի արևմուտք, այնքան այն ավելի մեծ ժողովրդականություն կվայելի ի հաշիվ ԺՀԿ աջակիցների։

Ստամբուլի դիտարկումը որպես երթի վերջնակետ ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հենց այնտեղ է շատ ժամանակ որոշվում Թուրքիայի քաղաքական ճակատագիրը։ Որպես օրինակ նշեմ, որ քայլերթին մասնակցելու մասին արդեն հայտարարել են երկրի խոշորագույն ֆուտբոլային ակումբների («Ֆեներբահչե» և «Գալաթասարայ») երկրպագուների խմբերը։ Հիշեցնեմ, որ վերջիններս կարևորագույն դեր էին խաղացել 2013թ. Գեզի այգու շարժման ընթացքում, որը այնուհետև ծավալվեց ողջ երկրով մեկ։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք ԺՀԿ-ն փոխել է իր գաղափարախոսությունը, թե ոչ, ապա կարող ենք ասել, որ ոչ։ Կուսակցությունը վարում է քարոզչություն՝ փորձելով իր շուրջ համախմբել հնարավորինս լայն ժողովրդական զանգվածներ և քաղաքական ուժեր։

Տեղաշարժ չկա, այլ առկա է կուսակցության քաղաքականության մարտավարական փոփոխություն

Քաղաքական այս ուժի հռետորաբանությունը հիմնվում է Էրդողանի և նրա վարչակարգի վարած բռնության ու ավտորիտարիզմի խիստ քննադատության և ժողովրդավարացման պահանջների վրա։ Սակայն ԺՀԿ֊ն հենց ինքը երբևէ քննադատության չի ենթարկում իր պատմության նմանատիպ փուլերը, որոնք համընկնում են Քեմալ Աթաթյուրքի և Իսմեթ Ինոնյուի նախագահության տարիների հետ, երբ ԺՀԿ-ն միակ և իշխող կուսակցությունն էր։ Ուստի գաղափարական տեղաշարժ չկա, այլ առկա է կուսակցության քաղաքականության մարտավարական փոփոխություն։

Արշավին միանալու մասին է հայտարարել HDP-ն՝ ասելով, որ այն պետք է միավորի բոլոր ընդդիմադիր խմբերին։ Արդյոք սա աննախադե՞պ համագործակցություն է, կարո՞ղ է իրական մարտահրավեր կամ սպառնալիք դառնալ «Արդարություն և զարգացում» կուսակցության համար՝ հաշվի առնելով նաև սահմանադրական հանրաքվեի արդյունքում գրանցված ոչ այնքան շլացուցիչ հաղթանակը։

– Ինչպես արդեն նշեցի, «Արդարության քայլարշավը» առաջին հերթին նախընտրական քարոզի մի մասն է։

Ուստի այժմ այդ արշավի շուրջ են պտտվում ընդդիմության տարբեր ներկայացուցիչների բանակցությունները։ Այն հնարավորություն է ընդդիմության համար Էրդողանի դեմ միասնական ճամբար կազմելու։ Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր (և առաջին հերթին ԺՀԿ-ն և քրդամետ HDP-ն) փորձելու են բանակցել և որոշել, թե ինչ օրակարգով ու ինչպես է ընթանալու նախըտրական քարոզարշավը, և ինչպես են բաշխվելու ընդդիմադիր ճակատում գլխավոր դերերը։

Այն հնարավորություն է ընդդիմության համար Էրդողանի դեմ միասնական ճամբար կազմելու

Իշխանությունները շատ լավ գիտակցում են քայլերթի քաղաքական և սոցիալ-մշակութային նշանակությունը։ Քայլերթը իշխանությունների դեմ մոբիլիզացիոն մեծ հնարավորություններ է ընձեռում, ուստի, բնականաբար, անհանգստացնում է էրդողանին և նրա կուսակիցներին։ Դրա մասին են վկայում Էրդողանի և թիմակիցների՝ քայլերթը քննադատող և պարսավող հայտարարությունները։ Սակայն իշխանությունները խոչընդոտող քայլեր չեն ձեռնարկում՝ գիտակցելով, որ քայլերթի բացահայտ արգելումը կամ խոչընդոտումը կարող է հանգեցնել է՛լ ավելի մեծ շարժման առաջացմանը և ԺՀԿ-ի առաջնորդ Քըլըչդարօղլուի հերոսացմանը։ Ուստի այս պահին մեծագույն հարց է, թե ինչպես է փորձելու Էրդողանը նվազեցնել քայլերթի ազդեցությունը Ստամբուլում, որը կանդրադառնա ամբողջ հետագա պայքարի վրա։

Զրուցել է Ստելլա Մեհրաբեկյանը

Աղբյուրը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s