ArtsakhPress | Վ. Գեղամյանի սյունակը Ադրբեջանի տնտեսության մասին

ԱրցախՊրեսս գործակալության կայքում հրապարակվել է իմ նոր սյունակը, որը նվիրված է Ադրբեջանի տնտեսության հետնավթային ապագային։ Ստորև ներկայացնում եմ հոդվածի ամբողջական տարբերակը։

Երկրորդ ու երրորդ աշխարհների միջև. հետնավթային Ադրբեջանի պատմության սկիզբը
(վերլուծական)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  

Մերձավոր Արևելքի տեղական արձագանքը

Մարդկության պատմության մեջ Մերձավոր Արևելքը շատ յուրօրինակ մի տեղ է զբաղեցնում։ Այս տարածաշրջանը մշտապես ուշադրության կենտրոնում է, այստեղ անընդհատ տեղի են ունենում ինչ-որ կարևոր իրադարձություններ, որոնք անպայման ունենում են համաշխարհային նշանակություն։ Ուստի պատահական չէ, որ մեզ համար երբեմն անսովոր է լինում, երբ լրահոսում որևէ նորություն չկա Մերձավոր Արևելքից։

Այսօր էլ Մերձավոր Արևելքը նոր վերաձևումների և նշանակալի տեղաշարժերի հերթական շրջափուլի սկզբում է գտնվում, ինչը նշանակում է, որ եթե ցանկություն ունենք հասկանալ, թե ինչ է մեզ սպասվում առաջիկա մեկ-երկու տասնամյակում, ապա պետք է շատ ուշադրությամբ հետևել այս տարածաշրջանում աշխարհաքաղաքական միտումների զարգացմանը։

Պետք չէ զարմանալ նշածս «մեզ սպասվում է»-ի վրա։ Հայաստանը նույնպես Մերձավոր Արևելքի մի մաս է, որքան էլ մենք հաճախ դա չենք արձանագրում ինքներս մեզ համար։ Ճիշտ է, բարեբախտաբար, պատմության նորագույն փուլում մեզ հաջողվել է խուսափել մերձավորարևելյան զինված բախումների ուղիղ ազդեցությունից, սակայն նույնիսկ դրանք անուղղակի ազդեցություն են ունեցել մեզ վրա (հիշե՛նք հզոր հայկական համայնքի թուլացումը Լիբանանում 1970-ականներից կամ Սիրիայից հայ գաղթականների ներհոսքը իրենց պատմական հայրենիք 2012-ից ի վեր)։

Այսօր Մերձավոր Արևելքում առկա գլխավոր միտումներից մեկը տարածաշրջանի երկրների աստիճանական անցումն է հետնավթային (post-carbon/post-oil) իրականության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նավթը, որ Մերձավոր Արևելքի երկրներից շատերի համար ոչ միայն տնտեսության միակ հենասյունն է, այլև ընդհանրապես գոյության միակ գրավականը, սահմանափակ է, գնալով էժանանում է և աստիճանաբար սպառվում։ Ուստի մերձավորարևելյան պետությունները շատ լավ հասկանում են, որ նավթից հետո նոր իրականության անցումը չի սահմանափակվելու զուտ տնտեսական ցուցանիշների փոքր կամ խոշոր տատանումներով։ Այն առաջ է բերելու շատ ավելի մեծ սոցիալ-քաղաքական տեղաշարժեր, որոնք, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն նույնիսկ տարածաշրջանի քարտեզի վերաձևմանը։ Հետնավթային իրականությանը պատրաստված դիմավորելու համար հատկապես Ծոցի երկրներից շատերը արդեն այսօր ջանք ու եռանդ չեն խնայում։ Բավական է նայել, օրինակ, թե ինչ տեսակի ներդրումներ է կատարում հայտնի «Կատար հիմնադրամը» (Qatar Foundation)՝ ուղղված Կատարի տնտեսության հնարավորինս բազմազանեցմանը (դիվերսիֆիկացմանը), որպեսզի պատկերացում կազմենք սպասվելիք փոփոխությունների մասշտաբների մասին։

Ադրբեջանական տարբերակը

Թե ինչ հնարավորություններ է բացում այս տեղաշարժը Հայաստանի համար, դժվար է հստակ ասել, թեև տեխնոլոգիապես զարգացած հայկական էժան աշխատուժը առնվազն կարող է որևէ բան առաջարկել արաբական աշխարհին։ Սակայն այս իրավիճակը իր արձագանքն է գտնում Հայաստանում առաջին հերթին հարևան Ադրբեջանի պատճառով։

Ինչպես որ Հայաստանը, Ադրբեջանը նույնպես կարելի է և պետք է համարել Մերձավոր Արևելքի մի մաս։ Ավելին, իր տնտեսական ու պետական կառուցվածքով այն ավելի շատ ընդհանրություն ունի մերձավորարևելյան երկրների հետ։ Հարուստ հանքային պաշարները, որոնք անցնող տարիներին ապահովում էին Ադրբեջանի կայուն զարգացումը որպես երկրորդ աշխարհի երկիր, նույնպես նվազում են, ինչպես որ, օրինակ, Ծոցի երկրներում։ Իսկ առկա ռեսուրսների արժեքն էլ այլևս այնքան չէ, որքան 21-րդ դարի առաջին տասնամյակում, ինչը նշանակում է, որ տնտեսական մեծածավալ փոփոխություններն անխուսափելի են։ Փորձենք հասկանալ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները հետնավթային Ադրբեջանում։ Ժամանակ և տեղ խնայելու համար միանգամից քննարկենք երկու հիմնական սցենար՝ մի կողմ թողնելով առավել ծայրահեղ ու ֆորսմաժորային զարգացումներով տարբերակները (թեև որպես Մերձավոր Արևելքի պատմությանը քաջածանոթ մարդ՝ իմ կողմից միամտություն է արտակարգ իրադարձությունները ընդհանրապես հաշվի չառնելը)։

Ադրբեջանը Հ. Ալիևի իշխանության գալուց հետո ստեղծեց այնպիսի տնտեսական համակարգ, ինչպիսին կարելի էր ականատես լինել Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Ծոցի երկրներում։ Նավթի գների կտրուկ աճը, որը տարբեր ընդմիջումներով տևեց մինչև 2014 թվականը, նպաստեց երկրում նավթադոլլարների աննախադեպ հոսքին։ Այդ միջոցները «լցվեցին» դեպի ազգային տնտեսություն, բայց ոչ թե հիմնվեցին նոր արտադրություններ, այլ դրանք ուղղվեցին գերազանցապես շինարարության և ծառայությունների ոլորտ։ Խորհրդային միությունից ժառանգած թեթև արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը չստացան պետական աջակցություն և հայտնվեցին ամբողջական կործանման եզրին։ Սրա արդյունքում բարձրացավ երկրում ուրբանիզացիայի մակարդակը (մարդիկ շտապում էին քաղաք՝ գումար վաստակելու, քանի որ գյուղում դա անելը այլևս անհնար էր), ինչպես նաև մեծացավ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը։ Նավթային եկամուտների շնորհիվ ադրբեջանական ազգային դրամի փոխարժեքը բարձրացավ, ինչը հնարավորություն տվեց առանց տեղում տնտեսությունը զարգացնելու էժան և պատրաստի ապրանքներ գնել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Թուրքիան և Չինաստանը։ Ստացվում էր այնպես, որ Ադրբեջանի պետական բյուջեն, հարկային համակարգը, ազգային արժույթի արժեքը, բնակչության գնողունակությունը, ապրանքների ներկրումը, ռազմական ծախսերը, աշխատավարձերը, թոշակները, ծառայությունների, անշարժ գույքի, շինարարության, առևտրի և ցանկացած այլ տեսակի տնտեսական գործունեության կախվածությունը նավթային եկամուտներից հասնում էր ընդհուպ 90%-ի։ Նավթադոլլարների տնօրինումը ամբողջությամբ գտնվում էր իշխող վերնախավի ձեռքերում, որը, փաստացի, զբաղվում էր այդ գումարների՝ Ադրբեջանում և արտերկրում շրջանառության հարցերով։ Քաղաքագիտության մեջ նման իրավիճակը կոչվում է պլուտոկրատիա (հարուստների իշխանություն)։

Սակայն երբ 2014 թվականից համաշխարային շուկայում նավթի գները կտրուկ անկում ապրեցին, Ադրբեջանում տեղի ունեցավ լուրջ ճգնաժամ. երկրի ՀՆԱ-ն կրճատվեց շուրջ երկու անգամ, կրճատվեցին աշխատատեղեր, ազգային արժույթը՝ մանաթը մի քանի անգամ արժեզրկվեց։ Որպես արդյունք՝ տևական դադարից հետո առաջին անգամ տեղի ունեցան բողոքի զանգվածային և ամենակարևորը՝ տարերային ցույցեր։ Իրավիճակի կայունացման համար Բաքվի իշխանությունները էլ ավելի խստացրին ավտորիտար իշխանությունը երկրում։ Սոցիալական ընդվզումից խուսափելու համար Նավթային պետական հիմնադրամը (SOFAZ), որը խաղում էր կայունացնող օրգանի դեր, տնտեսության մեջ ներարկեց մի քանի միլիարդ դոլլար, ինչը համեմատաբար կայունացրեց իրավիճակը։ Փաստորեն, թեև հասարակական բողոքի աշխուժացում և որոշակի ռադիկալացում գրանցվեց, այնուամենայնիվ, 2014-2017թթ. իշխանություններին հաջողվեց այդ ճգնաժամի ազդեցությունը հասցնել նվազագույնի։ Ճգնաժամը առաջացրեց խնդիրներ իշխող էլիտայի շրջանում, որը կապված էր նվազող ռեսուրսների վերաբաշխման հետ։

«Ռասիզադեի ալգորիթմը»

Առաջացած խնդիրների գլխավոր պատճառը՝ նավթը, կամ ավելի ճիշտ՝ ցածր գին ունեցող նավթը, դժվար թե այսուհետ գրանցի այն ռեկորդային բարձր ցուցանիշները, որոնք կային համաշխարհային շուկայում 2000-ականներին (մասնագետների կանխատեսումներով 2030թ. 1 բարել նավթը կարժենա ոչ ավել, քան 70 ԱՄՆ դոլլար)։ Մյուս կողմից, անխուսափելի է նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների հաղթարշավը, որոնք զգալիորեն նվազեցնում են նավթային կախվածությունը (այս հարցում լավագույն օրինակը խոշոր գյուտարար և գործարար Իլոն Մասկի գործունեությունն է, ով վերջերս ներկայացրեց աշխարհում առաջին էլեկտրական բեռնատարը)։ Ավելորդ է նշել նաև նավթային պաշարների կրճատման մասին։

Նման իրավիճակում իրենց գոյությունը նավթադոլլարների հիման վրա պահող պետությունների ապագան դառնում է համեմատաբար կանխատեսելի։ Այդ կանխատեսումները կատարելու համար հետաքրքրական է այսպես կոչված «անկման տիպոլոգիական մոդելը» (կամ «անկման ալգորիթմը»)։ Ճակատագրի հեգնանքով այդ մոդելի հեղինակը Ա. Շ. Ռասիզադեն է՝ ադրբեջանցի տնտեսագետ, ով ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո տեղափոխվել և մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Ռասիզադեի ալգորիթմը կայանում է հետևյա շղթայական գործընթացում.

Նվազում են նավթի արդյունահանման ծավալներն ու գները, համապատասխանաբար նվազում է նավթադոլլարների հոսքը պետական գանձարան, տեղական դրամի արժեզրկում, պետական բյուջեի եկամուտների և ծախսերի նվազում՝ դոլլարային համարժեքով, պետական համակարգի աշխատակիցների կրճատում, բնակչության գնողունակության անկում, մթերքների, ապրանքների, ծառայությունների և անշարժ գույքի գների անկում՝ դոլլարային համարժեքով, ներմուծման և մաքսային հարկահանության նվազում, աշխատանքից զանգվածային հեռացումներ և սնանկություն մասնավոր հատվածում, հարկային հիմքի նվազում, բյուջետային աշխատողների աշխատավարձի և սոցիալական նպաստների շարունակական կրճատում, զանգվածային գործազրկություն և հասարակության աղքատացում, ժողովրդի, էլիտաների և ուժային կառույցների դժգոհության աճ։

Նման շղթայական զարգացումն ամփոփվում է, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, իշխող ռեժիմի փոփոխությամբ, որին հետևում է առկա ռեսուրսների վերաբաշխում նոր էլիտայի միջև, ապա վերևում նկարագրված ցիկլի կրկնություն։ Այդ ցիկլերի կրկնությունը վերջնարդյունքում հանգեցնում է նրան, որ երկիրը հայտնվում է երրորդ աշխարհի երկրների շարքում։ Սակայն կարևոր է նշել, որ նման պարագայում պետությունը հարմարվում է այս նոր սոցիալ-տնտեսական և քաղաքական-մշակութային կարգավիճակին, և այդ կարգավիճակում կարող է գոյատևել անվերջ երկար ժամանակ (դարձյալ, ինչպես ցույց է տալիս պատմական փորձը)։ Ինչպես տեսնում ենք Ադրբեջանում առկա իրականությունից, «Ռասիզադեի ալգորիթմը» շատ հավանական է, որ իրականություն դառնա հարևան պետությունում։

Երկրորդ սցենարը, ըստ էության, բխում է առաջինից։ Եթե Ադրբեջանի իշխանությունները կարողանան առաջիկա մի քանի տարում այնպիսի մակրո- և միկրոտնտեսական քաղաքականություն իրականացնել, որը կհանգեցնի տնտեսության որոշակի բազմազանեցմանը, ապա այդ դեպքում կա հնարավորություն ճեղքելու վերևում նկարագրված «արատավոր շղթան»։ Սակայն այս դեպքում բավական չի լինելու միայն տնտեսական գրագետ քաղաքականություն վարել։ Բանն այն է, որ ինչպես Մերձավոր Արևելքի երկրներում, այնպես էլ Ադրբեջանում, իշխանությունները հասարակությունից խիստ կտրված են։ Գրեթե իսպառ վերացած են միմյանց միջև հետադարձ կապի մեխանիզմներն ու միջոցները, ինչը ծայրահեղ վտանգավոր է դառնում և մեխանիկորեն հանգեցնում ավտորիտար համակարգի ուժեղացման (թույլ չտալու համար հասարակական ընդվզման ալիքի առաջացումը)։ Թեև ադրբեջանական իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկել են տնտեսական դիվերսիֆիկացում մտցնելու համար, սակայն դրանք հիմնականում կրում են խորհրդանշական բնույթ և չեն փոխում իրերի իրական դրությունը։

«Ռասիզադեի ալգորիթմի» աշխատելու դեպքում, հաշվի առնելով նաև Ադրբեջանի քաղաքական համակարգի տոտալիտար միտումները, մեր հարևան երկրում կարող է ստեղծվել մի իրավիճակ, ինչը արդեն ավելի շատ նմանություն կունենա ոչ թե Մերձավոր Արևելքի միապետությունների հետ, այլ Արևելյան Ասիայում բոլորի համար գլխացավանք հանդիսացող Հյուսիսային Կորեայի։

Վարուժան Գեղամյան, արևելագետ, պատմական գիտությունների թեկնածու

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s