Քաղաքացիական պատերազմին սպասելով

2015-2018թթ. ընթացքում Թուրքիայում տեղի է ունեցել մի քանի համապետական ընտրություն ու հանրաքվե, որոնց արդյունքների վրա հենվելով՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) իր առաջնորդի՝ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի գլխավորությամբ ձևավորել է թուրքական ներքաղաքական դաշտի ներկայիս բովանդակությունը։ Ու թեև անցած ընտրությունները ժամանակին առանձին-առանձին կարևորվել են (այս առումով հատկապես նշանակալի էր 2017թ. ապրիլի սահմանադրական հանրաքվեն), սակայն սույն թվականի հունիսի 24-ին կայանալիք արտահերթ ընտրություններն աննախադեպ են ոչ միայն քաղաքական այսրոպեական նշանակության տեսանկյունից, այլև կարող են պատմական դառնալ՝ շրջադարձային ազդեցություն ունենալով Թուրքիա պետության հետագա զարգացման ողջ ընթացքի վրա։ Ըստ այդմ, մենք որոշել ենք Arevelk.am-ի ընթերցողներին ներկայացնել 7 հիմնական դրույթ, որոնք բնութագրում են առաջիկա ընտրությունները և որոնք պետք է հաշվի առնել՝ այդ ընտրությունները համապարփակ հասկանալու համար։

  1. Արտահերթ և արտակարգ

Դեռևս այս տարվա հունվարին իմ սյունակում ես գրել էի, որ «դատելով քաղաքական կուլիսներում և փորձագիտական շրջանակներում պտտվող տրամադրություններից, հնարավոր է, որ 2019թ. նոյեմբերին նախատեսված նախագահական ընտրությունները անցկացվեն ավելի շուտ՝ այս տարի»։ Փաստորեն, կանխատեսումը իրականացավ՝ գերազանցապես պայմանավորված երեք հիմնական գործոններով.

  • նախորդ երկու տարիների համեմատ թուրքական տնտեսությունում գրանցված որոշակի աճ (այս աճը գրանցվել էր մինչև թուրքական լիրայի արժեզրկումն ու առաջացած ճգնաժամը),
  • ընդդիմադիր դաշտին (և մասնավորապես ազգայնական դաշտում հայտնված «Լավ» կուսակցությանը) ընտրություններին պատշաճ նախապատրաստվելու հնարավորությունից զրկելու ցանկություն,
  • արտաքին միջավայրում (մասնավորապես Սիրիայում և Իրաքում) ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակ։

Եւ այսպես, Էրդողանը և իր թիմը որոշեց, որ ընտրությունները պետք է լինեն արտահերթ և անցկացվեն 2018թ. հունիսի 24-ին։ Ընդ որում՝ խորհրդարանական և նախագահական ընտրությունները անց են կացվելու նույն օրը։ Իշխանությունների հաշվարկն այն էր, որ նման քայլը կերաշխավորի բացարձակ հաղթանակ առաջին փուլում. Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ/AKP) կստանա խորհրդարանական մեծամասնություն, իսկ նախագահ Էրդողանը՝ 50%+1 ձայն։ Ընթերցողներին հիշեցնեմ, որ համաձայն նոր սահմանադրության՝ ընտրություններից հետո երկիրը անցնելու է սուպերնախագահական համակարգի, իսկ նորընտիր նախագահն ունենալու շատ լայն լիազորություններ։ Էրդողանի նախորդ ժամկետները զրոյանում եմ, ըստ այդմ՝ նա հնարավորություն ունի առվազն երկու անգամ (5-ական տարով) զբաղեցնել այդ պաշտոնը՝ ղեկավարելով Թուրքիան մինչև 2028 թվականը։1

Ընտրությունները անց են կացվում «արտակարգ դրության» (OHAL) պայմաններում, որը հնարավորություն է տալիս իշխանությանը ամենատարբեր ձևերով շրջանցել օրենքը։ Այս հանգամանքը արդիական է դառնում այն պատճառով, որ մեծ է հավանականությունը, որ  ընտրությունների ժամանակ իշխանությունը կկիրառի ադմինիստրատիվ լծակներ և կիրականացվեն ընտրախախտումներ՝ ցանկալի արդյունքին հասնելու համար (նմանատիպ իրավիճակ արդեն իսկ գրանցվել է 2017թ. սահմանադրական հանրաքվեի ժամանակ)։

  1. Տնտեսությունը՝ առաջ և հետո

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմնական դրդապատճառներից մեկը 2017 թվականին գրանցված տնտեսական որոշակի աճն էր, որը իշխանությունները ներկայացնում էին որպես հերթական ձեռքբերում։ Սակայն գարնան վերջին տնտեսական իրավիճակը խիստ վատթարացավ, իսկ թուրքական ազգային արժույթը՝ լիրան (TL) գրանցեց հակառեկորդ, հանգեցնելով մեծածավալ գնաճի։ Տնտեսական դրության վատթարացումը հաջողությամբ շահարկում է ընդդիմությունը։ Բոլոր գործող ուժերին էլ ակնհայտ է, որ Էրդողանի և ԱԶԿ հաջողության հիմքում ոչ միայն իսլամական ազգայնականության օրակարգն է, այլև 2002-2012թթ. գրանցված տնտեսական մեծ աճը։ Ըստ այդմ՝ տնտեսական ներկա դրությունը խաղում է ընդդիմության օգտին։

2
Թուրքական լիրայի անկումը

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ անկախ ընտրությունների արդյունքներից, երկրի նորընտիր ղեկավարությանը անհրաժեշտ է լինելու արագ տեմպերով վերականգնել տնտեսությունը, ինչը շատ բարդ է լինելու և շարունակաբար ազդելու է քաղաքական իրավիճակի վրա։

  1. Միասնական ընդդիմություն
3
Էրդողանը կնոջ հետ քարոզարշավի շրջանակներում այցելել է քաղաքացիներից մեկին՝ ընթրելու:

Հունիսյան ընտրություններին ֆավորիտ է Էրդողանն ու իր թիմը։ Համաձայն MetroPoll ընկերության հարցումների՝ եթե նախագահական ընտրությունները անցկացվեին առաջիկա կիրակի օրը, ապա Էրդողանը կարող է հավաքել մինչև 46% ձայն։ Խորհրդարանական ընտրություններում առաջատարը ԱԶԿ-ն է, որը դաշինքով (Ժողովրդական դաշինք/Millet İttifakı) է հանդես գալիս աջ կողմնորոշում ունեցող Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) հետ։ Այս դաշինքը այս պահին ունի ընտրողների 46.5% աջակցությունը, ընդ որում այդ աջակիցները առաջին հերթին սատարում են ԱԶԿ-ին։ Մինչդեռ ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրողների մեծագույն մասը այս ընտրություններում սատարում է նորաստեղծ ազգայնական «Լավ» (İyı) կուսակցությանը՝ նախկին ԱՇԿ-ական Մերալ Աքշեների գլխավորությամբ։ Վերջինս նույնպես միայնակ հանդես չի գալիս։

4
ԺՀՊ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները

Ընդդիմության մեկ միասնական թեկնածու առաջադրելու տարբերակը տապալելուց հետո թե՛ իշխանությունները, թե՛ վերլուծական համայնքը կարծում էր, որ ընդդիմությունը հաղթանակի որևէ շանս չունի։ Սակայն ընդդիմադիր դաշտը զարմանալի ճկունություն ցուցադրեց՝ ստեղծելով «Ազգի դաշինքը» (Millet İttifakı)։ Դրա մեջ մտան գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԺՀՊ/CHP), «Լավ» կուսակցությունը, «Բարօրություն» (SP) և Ժողովրդավարական կուսակցությունները (DP): Թեև պաշտոնապես քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցությունը (ԺԺԿ/HDP) դաշինքի մաս չէ, սակայն նրանք ևս հանդես են գալիս դաշինքի մարտավարության շրջանակներում։ Իսկ մարտավարությունը հետևյալն է. խորհրդարանական ընտրություններին փոխգործակցության շնորհիվ ապահովել թուրքական խորհրդարանում մեծամասնություն՝ զրկելով Էրդողանին օրենսդիր իշխանության վրա «մենաշնորհից»։ Դա խիստ կթուլացնի Էրդողանի դիրքերը՝ նույնիսկ եթե վերջինս հաղթանակ տանի նախագահական պայքարում։ Դատելով հարցումներից՝ ընդդիմության հաղթանակը հնարավոր է, ինչի մասին է վկայում իշխանական ճամբարից հնչած անհանգստությունը։ Այսպես, նախագահի գլխավոր խորհրդական Մ. Ուչումը օրերս հանդես եկավ նախազգուշական հայտարարությամբ. «Եթե խորհրդարանում հաղթեց ընդդիմադիր ուժ, որը կհրաժարվի համագործակցել Էրդողանի հետ, ապա [խորհրդարանը կցրվի] և ընտրությունները կկրկնվեն»։

Նախագահական մրցապայքարում Էրդողանի հիմնական մրցակիցը ԺՀՊ ներկայացուցիչ Մուհարեմ Ինջեն է։ Ըստ հարցումների՝ նրան այս պահին սատարում է ընտրողների 20%-ը։ Ինչպես կարելի է նկատել ստորև բերված աղյուսակից (տե՛ս Աղյուսակ 1), Մերալ Աքշեները, Թեմել Քարամոլլաօղլուն միասին կհավաքեն շուրջ 13 % ձայն։ Եթե այս թվին գումարենք նաև ԺԺԿ առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի սատարող շուրջ 12%-անոց ընտրազանգվածը, ապա ընդդիմադիրները միասին կարող են զրկել Էրդողանին անհրաժեշտ ձայները հավաքելու հնարավորությունից։ Եւ հենց սա էլ ընդդիմադիրների հիմնական մարտավարությունն է. բացառել առաջին փուլում Էրդողանի հաղթանակը՝ առանձին-առանձին աշխատելով սեփական ընտրազանգվածի հետ, իսկ երկրորդ փուլում ներկայանալ մեկ միասնական թեկնածուով (կասկած չկա, որ երկրորդ տեղ կզբաղեցնի Մուհարեմ Ինջեն, ուստի նա էլ կլինի այդ թեկնածուն)։

Ինչպես նշեցինք ընդդիմությունը շատ գրագետ ընտրարշավ է վարում, որի պատճառով իշխանությունները հայտնվել են «պաշտպանվողի» դերում. ընդդիմադիրները թելադրում են քարոզարշավի բովանդակությունն ու հիմնական քննարկվող նյութերը։ Ընդդիմության քարոզի առանցքում դրված է Էրդողանի և նրա «բռնակալության դեմ», այլ ոչ թե «հանուն որևէ գաղափարի» պայքարը։ Սա համագործակցության ավելի լայն դաշտ է ընձեռում ընդդիմությանը և մասամբ միավորում նրանց օրակարգերը։

AKSARAY MITINGI
Նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն

Վերջին կարևոր հանգամանքը ընդդիմության մասին. ԺՀՊ թեկնածու Մուհարեմ Ինջեն բոլորի համար անսպասելի ցուցադրում է խարիզմատիկ առաջնորդի հմտություններ և հմտորեն կարողանում է նվաճել նոր լսարաններ։ Սա կարևոր է՝ հաշվի առնելով թուրքական քաղաքական մշակույթի առանձնահատկությունները, որտեղ խարիզմատիկ պոպուլիզմը վեր է գաղափարական կողմնորոշումից։ Թուրքական ներքին քաղաքականությանը մոտիկից ծանոթ մասնագետների համար, սակայն, Ինջեի «տաղանդը» պետք է որ բացահայտում չլինի՝ հաշվի առնելով վերջինիս քաղաքական կենսագրությունը։ Ըստ այդմ՝ արդար ընտրությունների պարագայում Ինջեն բոլոր շանսերը կարող է ունենալ Էրդողանին «գահընկեց» անելու համար։

  1. Կալանավոր թեկնածուն

Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ նախագահի թեկնածուներից մեկը՝ խարիզմատիկ Սելահեթթին Դեմիրթաշը այս պահին գտնվում է բանտում։ Քանի որ նա դեռևս դատապարտված չէ, նա իրավունք ունի առաջադրվելու։ Սա շատ յուրահատուկ պատկեր է ստեղծել. թեկնածուն իր քարոզարշավը իրականացնում է թույլատրված հեռախոսային 10 րոպեանոց զրույցների, բանտախցից փոխանցվող նամակների և սոցցանցային մամուլի ասուլիսների միջոցով։ Հաշվի առնելով Դեմիրթաշին սատարողների թիվը, որոնք չեն սահմանափակվում միայն քրդերով՝ երկրորդ փուլի պարագայում Դեմիրթաշի ընտրազանգվածը կրիտիկական նշանակություն կունենա ընդդիմադիր թեկնածուի համար։ Պատահական չէ, որ նախագահի բոլոր թեկնածուները կոչ են արել իշխանություններին Դեմիրթաշին ազատել կալանքից։

  1. Ընտրախախտումներն ու քրդական շրջանները

Ընտրողների քվեների արդար հաշվարկի և ընդհանրապես՝ ընտրությունների արդար անցկացման երաշխիքը մամուլի և դիտորդների վերահսկողության հնարավորությունն է։ Սակայն ներկա դրությամբ, հաշվի առնելով մամուլի և հասարակական կազմակերպությունների վիճակը Թուրքիայում, կան մտավախություններ, որ առաջիկա ընտրություններին գրանցվելու են մեծաքանակ ընտրախախտումներ։ Հատկապես խնդրահարույց է Թուրքիայի հարավ-արևելյան՝ քրդերով բնակեցված շրջանների հարցը, քանի որ այնտեղ ավանդապես թույլ է վերահսկողությունը, ինչպես նաև հաշվի առնելով թուրք-քրդական զինված հակամարտությունը՝ իշխանությունները մեծ հնարավորություն ունեն միջամտելու ընտրությունների ընթացքին։ Քրդերը թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական մրցապայքարում էական ընտրազանգված են, ուստի իշխանությունները ջանք չեն խնայելու վերջիններիս ազդեցությունը չեզոքացնելու համար։

  1. Անգլիական կրթությամբ իսլամիստն ու չկողմնորոշվածները

Եթե նայեք թեկնածուների ցանկին և նրանց սատարողների թվին, ապա խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել հետևյալ երկու գործոնին։

Առաջին. նախագահի թեկնածու Թեմել Քարամոլլաօղլուն ունի ընտրողների 1.7% քվեն։ Չնայած այդ թվին՝ այս մարդու դերը խիստ կարևոր է ընդդիմության համար, քանի որ վերջինս թուրքական քաղաքական դաշտի ռահվիրաներից է և ներկայացնում է այն նույն իսլամական թևը, որից ժամանակին դուրս են եկել Էրդողանն ու իր թիմակիցներից շատերը։ Քարամոլլաօղլուն, ով կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում, փորձում է իր կողմ գրավել իսլամական կողմնորոշում ունեցող ընտրողների այն խումբը, որը դեռևս չկողմնորոշված է իր քվեի հարցում։ Դատելով իր քարոզարշավից՝ նա բավական հաջողություն է գրանցել այս առումով։

Երկրորդ. ընտրողների առնվազն 5.6%-ը մնում է չկողմնորոշված։ Հենց այս զանգվածի համար է գնում կատաղի պայքար և հենց այս հատվածն է էական հատկապես Էրդողանի հաղթանակի համար։

6

  1. Միջազգային դրություն

Թեև ընտրական գործընթացները կլանել են քաղաքական ողջ համակարգը, դրանց վրա էական ազդեցություն են ունեն արտաքին գործոնները։ Առանձնացնեմ դրանցից հատկապես Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակը։ Մասնավորապես՝ պաշտոնական Անկարան հայտնել է, որ պատրաստվում է առաջիկա օրերին ռազմական խոշոր գործողություն սկսել քուրդ զինյալների դեմ Իրաքի հյուսիսում՝ Քանդիլի լեռների շրջանում։ Վստահ կարելի է ասել, որ ռազմագործողության ժամանակը պատահական չի ընտրվել և այն լայնորեն օգտագործվելու է նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Իշխանությունները շահարկելու են հակաքրդական թեման՝ այդպիսով փորձելով իրենց շուրջ մոբիլիզացնել ազգայնական պառակտված ընտրազանգվածին։

Ընդհանուր առմամբ այս ամենը տեղի է ունենում խիստ բևեռացված ու լարված մթնոլորտում։ Պատահական չէ, որ տեղի են ունենում փողոցային խուժանի հարձակումներ ընդդիմադիր ուժերի կենտրոնների, երթերի, խորհրդանիշների վրա։ Հաշվի առնելով այն, որ իշխանությունները և անձամբ Էրդողանը ոչ մի կերպ չեն ցանկանում զիջել իրենց դիրքերը, սպասվում է կատաղի պայքար, որը, իր հերթին, հղի է քաղաքացիական պատերազմի վերածվելու բոլոր նախապայմաններով։ Իսկ Էրդողանի և ԱԶԿ հաղթանակի դեպքում Թուրքիային սպասվում է խիստ ավտորիզացիա՝ առաջիկա տասնամյակի համար։

Arevelk.am-ում ես կշարունակեմ ամեն շաբաթ պատմել թուրքական անցուդարձի մասին, իսկ ավելի օպերատիվ ամենօրյա տեղեկություններ ստանալու համար կարող եք բաժանորդագրվել իմ թելեգրամ ալիքին։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

w

Connecting to %s