«20 դոլար և 20 կիլո» գործողությունը. մի հունական արտաքսման պատմություն

Նվիրվում է 1964թ. Պոլսից տեղահանված հազարավոր հույներին,
ում սրտում ապրում է կարոտն առ կորուսյալ հայրենիք:

ՄԱՍ I

Աթենքի A.E.K. ֆուտբոլային ակումբի անվան հապավումը բացվում է այպես՝ «Athlitiki Enosis Konstantinoupoleos» (Կոստանդնուպոլսի Աթլետիկ Միություն): Այո՛, հենց Կոստանդնուպոսլի միություն, ոչ թե Աթենքի, որտեղ այն հիմնադրվել է 1924թ.: Սակայն ակումբը հիմնադրել են Փոքր Ասիայից և այդ թվում՝ Պոլսից բռնի գաղթած մարզիկներ, որոնք միլիոնավոր այլ հույների պես հազարամյակներ ի վեր ապրում էին Բոսֆորի երկու ափերին տեղավորված քաղաքում: Դառնանք ֆուտբոլին սակայն. վերջերս A.E.K.-ի ղեկավարությունը հանրությանը ներկայացրեց թիմի նոր խաղադաշտի մանրակերտը, որը կրելու է «Սուրբ Սոֆիա» անունը: Դեռ ավելին, մարզադաշտն իր տեսքով նմանվելու է Կոստանդնուպոլսի քաղաքային պարիսպներին և իր համալիրի մեջ ունենալու է նաև «Գաղթականների թանգարան»: Սրան զուգահեռ Թուրքիայում նորից վերսկսվեցին խոսակցությունները Սուրբ Սոֆիայի տաճարը դարձյալ որպես գործող մզկիթ օգտագործելու մասին (1453թ. Կոստանդնուպոլսի գրավումից հետո օսմանցիները քաղաքի խորհրդանիշ հանդիսցող Սուրբ Սոֆիայի փառահեղ տաճարը վերածեցին Aya Sofya Camii-ի (Այա Սոֆիա մզկիթի), որը գործեց մինչև 1935թ., իսկ այնուհետև Աթաթուրքի պահանջող այն դարձավ թանգարան):

Այս ամենն առաջ բերեց մեծ քննարկումներ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հունաստանում և նորից օրակարգի հարց դարձավ հույն-թուրքական հակամարտության չավարտվող և չափազանց զգայուն շղթան: Այս անգամ մեր սյունակում կանդրադառնանք այդ շղթայի օղակներից մեկին, որի մասին, սակայն, ամենաքիչն են խոսում՝ 1964թ. հունական վերջին տեղահանմանը:

Գանք սկզբից:

Հյուր հույները

1453թ. մայիսյան այն օրից սկսած, երբ սուլթան Մեհմեթ II-ի գլխավորած օսմանյան բանակը գրավեց քաղաքը, հույները դարձան հյուրեր իրենց իսկ հիմնադրած Կոստանդնուպոլսում: Սակայն նրանք շարունակում էին կազմել քաղաքի բնակչության զգալի մասը ընդհուպ մինչև թուրքական հանրապետության հիմնադրումը (1923թ.): Եթե 1915-1923թթ. ընթացքում թուրքական իշխանությունները փորձեցին լուծել հայերի հարցը՝ կազմակերպելով Հայոց Ցեղասպանություն, ապա մյուս ամենամեծ քրիստոնյա համայնքից՝ հույներից ձերբազատվելու խնդիրը վերացնելու համար գործադրվեցին այլ միջոցներ: Ազգային փոքրամասնությունները, և հատկապես հույները 1923թ. այսկողմ ենթարկվեցին զանազան խտրականությունների, որի արդյունքում այսօր Թուրքիայում հույների թիվը կազմում է շուրջ 2000 մարդ և համայնքը գտնվում է ոչնչացման եզրին:


Հույնթուրքական բնակչության փոխանակումը

Հանրապետական Թուրքիայի հիմնադրումից հետո, երբ թվում էր, որ հարյուրամյակներով կոտորածների ենթարկված և փոքրամասնության կարգավիճակում հայտնված ազգերը կարող են վայելել ժողովրդավարական պետություններին հարիր ազատություններ, իրավիճակը փոխվեց միայն արտաքնապես՝ նույնը թողնելով բովանդակությունը: Թուրքիայի հանրապետության պաշտոնական հռչակումից դեռ մի քանի ամիս առաջ տեղի ունեցավ կարևոր իրադարձություն, որը հայտնի է 1923թ. Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ բնակչության փոխանակում անվամբ: Լոզանի խորհրդաժողովի բանակցությունների ընթացքում թուրքական քեմալականները, հունական կառավարությունն ու մեծ տերությունները համաձայնության եկան կատարել Փոքր Ասիայի հույների «փոխանակում» Հունաստանի տարածքում ապրող թուրքերի հետ: Իրադարձության ժողովրդագրական նշանակությունը հասկանալու համար բավական է նայել փոխանակված բնակչության թվաքանակին: Համաձայն տարբեր աղբյուրների՝ փոխանակման ընթացքում Թուրքիայից Հունաստան է տեղափոխվել  մեկ միլիոնից երկուսուկես միլիոն հույն: Հունաստանից Թուրքիա է տեղափոխվել 350-500 հազար թուրք: Փոխանակումը չէր վերաբերում միայն Ստամբուլի հույն բնակչությանն ու Արևմտյան Թրակիայի թուրք բնակչությանը: Հիշենք նաև, որ 1922թ. հույն-թուրքական պատերազմի ժամանակ Փոքր Ասիայի հույն բնակչության մի զգալի մասն արդեն գաղթել էր Թուրքիայից: Արդյունքում, Փոքր Ասիա, փաստացի, ամբողջությամբ բռնի հունաթափ եղավ: Եթե հաշվի առնենք, որ դրանից մի քանի տարի առաջ սպանվել էր արևմտահայության հիմնական մասը, ապա կարելի է փաստել, որ քեմալականները վերջնականապես «մաքրեցին» Փոքր Ասիան և Հայկական լեռնաշխարհի մի զգալի հատվածը բնիկ ժողովուրդներից՝ հայերից և հույներից և երկրում մնացին չնչին քանակությամբ փոքրամասնություններ:

Թուրքական պետության հունական թղթապանակը

Բնակչության փոխանակումից հետո էլ Թուրքիայում շարունակում էին ապրել շուրջ 100.000 հույներ, որոնց մեծագույն մասը բնակվում էր Ստամբուլում և զբաղվում առևտրով: Չնայած այն բանին, որ թուրքական իշխանությունների կողմից ազգային փոքրամասնությունների դեմ ընդունվում էին օրենքներ (օրինակ՝ Ունեցվածքի հարկը, 20 դասակարգի զորակոչը և այլն) և կազմակերպվում էին զանազան արշավներ («Հայրենակի՛ց, խոսի՛ր թուրքերեն», ազգային կրթօջախների իրավունքերի սահմանափակում և այլն), միևնույն է, հունական բնակչությունը մի մասը շարունակում էր կառչած մնալ սեփական հողից:

Բեկումնային էր, սակայն, 1955թ., երբ սեպտեմբերի 6-7-ը Ստամբուլում և Իզմիրում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվեցին փոքրամասնությունների ներկայացուցիչների և նրանց սեփականությունների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա: Սպանություններից, բռնաբարություններից, հրդեհներից ու ավերից սարսափաց շատ հույներ որոշեցին բռնել գաղթի ճանապարհը: Արդյունքում հունական բնակչության թիվը կրճատվեց շուրջ երկու անգամ և կազմեց մոտ 50000 մարդ: Տեղին է մեջբերել 1947թ. Թուրքիայում իշխող Ժողովրդա-հանրապետական կուսակցության կողմից պատրաստված մի զեկույց, որտեղ նշված էր, որ հույներն արդեն վտանգ չեն ներկայացնում թուրքական պետության համար և «պետության միակ խնդիրն է մինչև Կոստանդնուպոլսի գրավման 500-ամյակ՝ 1953թ. Ստամբուլում ոչ մի հույն չթողնելը» (Ռ. Մելքոնյան, 2010): Ու թեև իշխանությունները «չհասցրեցին» իրականացնել իրենց նպատակը, միևնույն է, այս դեպքերը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից շատերին ստիպեց վերջնականապես լքել Թուրքիան: Ինչպես ասում են իրենք՝ հույները. «Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453թվականին, այլ 1955-ին»: Սակայն Փոքր Ասիայի հունական բնակչության համար թուրքական իշխանությունները նախատեսել էին ևս մեկ բռնի արտաքսում, որը պետք է իրական վերջը դառնար…

ՄԱՍ II

-Ի՞նչ եք բերել Ձեզ հետ, որ կհիշեցնի Պոլիսը:
-Մեր միտքը:

Այսպես է արձագանքել լրագրողի հարցին 1964թ. Պոլսից բռնի գաղթի ենթարկված հույն բնակիչներից մեկը: 1955թ. սեպտեմբերյան դեպքերից հետո հունական բնակչության համար նախատեսված էր ևս մեկ հարված, որն, ըստ էության, պետք է վերջնականապես զրկեր Փոքր Ասիան և մասնավորապես Պոլիսը իր իսկական տերերի ներկայությունից:

1923թ. Հունաստանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած բնակչության փոխանակումից հետո, որի արդյունքում Թուրքիայից Հունաստան է բռնի տեղափոխվում մեկ միլիոնից երկուսուկես միլիոն հույն, իսկ Հունաստանից Թուրքիա է տեղափոխվում 350-500 հազար թուրք, հույն բնակչություն է մնում միայն Պոլիս/Ստամբուլում: 1930թ. Թուրքիայի և Հունաստանի վարչապետներ Իսմեթ Ինոնյուն և Էլեֆթերիոս Վենիզելոսը ստորագրում են «Կեցության, առևտրի և տեղաշարժի մասին» համաձայնագիր, որով Հունաստանի քաղաքացի հույներն իրավունք են ստանում ազատ տեղաշարժվել և աշխատել Թուրքիայում: Ստամբուլում բնակվող շատ հույներ, որոնք երբևէ չէին եղել Հունաստանում, նույնպես ստանում են հունական քաղաքացիություն:

20-րդ դարի առաջին կեսում փոքրամասնությունների դեմ նախաձեռնած թուրքական գործողությունների արդյունքում 60-ականների սկզբին հունական բնակչությունը խիստ նվազել էր: Այնուամենայնիվ հույն-թուրքական բարդ հարաբերությունների համատեքստում Պոլսի հունական համայնքը հաճախ էր դիտարկվում որպես խաղաթուղթ թուրքական պետության ձեռքին: Այդպես եղավ նաև Կիպրոսի հարցի սրացման ժամանակ:

1964 թվականի գաղտնի որոշումը

1964թ. Կիպրոսում հույն-թուրքական հակամարտության սրացման ժամանակ Թուրքիայի կառավարությունը հենց նույն վարչապետ Իսմեթ Ինոնյուի գլխավորությամբ որոշեց Կիպրոսի դեպքերի վրա ազդել՝ օգտագործելով Ստամբուլի հույներին: Մարտի 16-ին թուրքական կառավարությունն ընդունեց գաղտնի որոշում, համաձայն որի 1930թ. համաձայնագիրը չեղյալ էր հայտարարվում և հունական անձնագրով բոլոր քաղաքացիները ենթակա էին արտաքսման Թուրքիայից: Երկիրը լքելու համար թուրքական կառավարությունը հույներին տվել էր 48 ժամից 10 օր: Միևնույն ժամանակ փակվել էին հույներին պատկանող բոլոր բանկային հաշիվները և նրանց թույլատրվել էր իրենց հետ վերցնել միայն 20 ԱՄՆ դոլար և 20 կգ իրեր: Այսինքն՝ հույներին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու ֆինանսները մնացին թուրքական պետությանը: Տեղին է հիշել դարասկզբի Հայոց ցեղասպանությունը, որից հետո թուրքական պետությունը տիրեց հայերի թողած ամբողջ հարստությանը:  

Որոշման ընդունման պահին Հունաստանի քաղաքացի էին հանդիսանում մոտ 13 հազար հույներ: Սակայն որոշման արդյունքում Պոլիսը լքեցին շուրջ 45 հազար հույներ, քանի որ տարիների ընթացքում Հունաստանի և Թուրքիայի քաղաքացի հույները ամուսնական-բարեկամական հարաբերությունների մեջ էին գտնվում, և ստիպված էին ընտանիքով ու հարազատներով գաղթել: Գաղթյալների մեծ մասը ճանապարհ բռնեց Հունաստան, որտեղ ստիպված էր ամեն բան սկսել զրոյից և նոր կյանք կառուցել:

Որոշման ընդունման օրերին փոքրամասնությունների և հատկապես հույների հանդեպ թուրքական հասարակությունը ընդունել էր ազգայնամոլական կեցվածք: Այս գործում մեծ էր ժամանակի թուրքական մամուլի դերը, որն անում էր հնարավորինը հույների հանդեպ այլատյացություն քարոզելու համար: Թուրքական մամուլը մեղադրում էր պոլսահույներին Կիպրոսի հույներին զենք և գումար ուղարկելու մեջ: Թերթերի առաջին էջերին հաճախ էին հանդիպում նմանատիպ գրառումներ. «Հույների մոտից կատարած ցանկացած գնում Կիպրոսի մեր եղբայրներին խոցող փամփուշտ է դառնում»:

Այդպիսով, ընդամենը հիսուն-վաթսուն տարվա ընթացքում Փոքր Ասիայի և Պոլսի «տանտերերը»՝ հույները վերջնականապես անհետացան իրենց հայրենիքից: Հունական համայնքի այսօր կազմում է շուրջ երկու հազար մարդ: Իսկ բազմաթիվ հունական եկեղեցիները, շենքերն ու դպրոցներն այսօր կիսադատարկ են կամ թուրքացված: Ամերիկացի մի հետազոտող այսպես է նկարագրում Ստամբուլի հույների այսօրվա վիճակը. «Նրանք նման են իրենց դատարկ վանքերի գմբեթի խաչերին, որոնք լուռ կանգնած են կիսալուսինների քաղաքում»:

Հունարեն բառարան

Հայտնի ճշմարտություն է, որ որևէ լեզվի տիրապետելով՝ միաժամանակ կիմանաս այդ լեզուն կրող ժողովրդի պատմությունն ու աշխարհընկալումը: 20-րդ դարը Թուրքիայի ազգային փոքրամասնությունների բառարաններում ավելացրեց մի քանի բառահոդված, որոնք ուսումնասիրողին կտան ամբողջական պատկերացումն այն ամենի, ինչ կատարվեց Թուրքիայում հայերի, հույների, ասորիների հետ:

Այս տարի լրացավ 1964թ. հունական արտաքսման հիսունամյակը, որը սերունդները կհիշեն «Apelassis» անվամբ: Հիշենք ևս երկու բառ.

«Μικρασιατική καταστροφή» (Փոքրասիական աղետ)- Այդպես են հույները կոչում 1923թ. հույն-թուրքական բնակչության փոխանակությունը;

«Septemvriana» – Այս բառով են հունական պատմության մեջ մտել 1955թ. սեպտեմբերի 6-7-ի ջարդերը, որոնք ուղղված էր հայերի և հույների դեմ:

Սուրբ Սոֆիայի լեգենդը

Նախորդ սյունակում գրել էինք, որ վերջերս Թուրքիայում վերսկսվել են քննարկումները՝ Սուրբ Սոֆիայի տաճարը դարձյալ որպես գործող մզկիթ վերաբացելու մասին: Բյուզանդայի Հուստինիանոս կայսեր կառուցած այս տաճարը, որ մինչև 15-րդ դար հանդիսանում էր ուղղափառ քրիստոնյաների հոգևոր կենտրոնը, այսօր Թուրքիայի և Ստամբուլի խորհրդանիշներից մեկն է: Թե ինչպես կավարտվեն այս քննարկումները, պարզ չէ: Իսկ մինչ այդ Պոլսի սակավաթիվ հույները կարոտով են նայում երբեմնի փառահեղ տաճարին՝ հուսալով, որ մի օր գուցե այնտեղ կրկին կհնչի հունական պատարագիչների երգը: Հունական հիշողության մեջ այս առիթով պահպանվում են բազմաթիվ լեգենդներ: Լեգենդներից մեկն ասում է, որ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ժամանակ հույն կայսրը չի մահացել, այլ թաքնվել է Սուրբ Սոֆիայում գաղտնի մի տեղում ու մարմար է դարձել, և գալու է օրը, երբ իր վառ լույսով աչքերը կուրացնող մի հրեշտակ նրան հանելու է այդտեղից և Սուրբ Սոֆիան նորից քրիստոնեական տաճար է դառնալու։

Հրեշտակի որմնանկար Սբ. Սոֆիայի տաճարում։

One comment

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s